Ծանուցում

Դուք այստեղ մշտապես սպասված ընթերցող և ունկնդիր եք, այնպես որ բարի գալուստ «Բագատելներ» դասական երաժշտության փիլիսոփայության ու գեղագիտության մասին հայագիր տիրույթ: Բառի մեկնությունը, որ ամենայն հավանականությամբ հասցրել եք ընթերցել (եթե դեռ ոչ, սրանից հետո հենց դա խորհուրդ կտայի) ձեզ արդեն հուշեց, որ հիմնականում երաժշտական թեմաներով (հուսամ) հանրամատչելի բագատելներ կկարդաք այստեղ՝ դասականի պարտավորեցնող գեղագիտությամբ և նույնքան պարտավորեցնող էլ հայերենով: Վերջինս, իմ խորին համոզմամբ, կատարելապես գրագետ պետք է լինի, որովհետև գրագետ հայերենը մի՛շտ է արդիական: Ուրիշ հարց է՝ որքանով է ծամծմվում, ծերանում ու արհեստականորեն բարդանում գրողի գրչի ծայրին, խոսողի լեզվին, կարդացողի էլ մտքին ու ականջին: Եվ չնայած այս ամենն անգլերենով գրելու ինձ ուղղված բոլոր հեռանկարային խորհուրդ-հորդորներին, ես այնուամենայնիվ որոշեցի գրել հայերեն. անգլերեն գրելը միշտ էլ կա: Ինչ վերաբերում է որոշումս պարզաբանելուն, դույզն-ինչ իմաստ չեմ տեսնում. այն պարզից էլ պարզ է:

Ահա կարճ այն մասին, թե ինչ հայերեն և ինչու հայերեն կկարդաք հետայսու (իբր բացատրեցինք): Իսկ բագատելների ավարտին ձեզ են սպասելու նախապես ծանոթացվող երաժշտական ստեղծագործությունների հղումները, որ այսուհետ լսելուց բացի իմանաք նաև՝ ինչն ինչոց է: Բազմակողմանի կիրթ ունկնդիրը, որ պատկերացնում է դասական համերգի արժեքը, չի ծափահարում սիմֆոնիայի, կվարտետի կամ կոնցերտի մասերի ընդմիջումներին և լսել է դասական երաժշտարվեստի գոնե կարևորագույն դեմքերի մասին, բացարձակ տարբերվող մարդ է մեր հասարակության մեջ գոնե իր աշխարհայացքով, եթե ոչ մարդկային արժանիքներով: Ու չարժե ջղեր քայքայել դարի պահանջը բավարարող համատարած ու դյուրահաս «արժեքների» հետևից վազելով. բարձրանալու փոխարեն կիջնենք: Այնպես որ, սիրելիներս, կենցաղախեղդ առօրեականության դեմ ձեզ անմահ դասական երաժշտությունն եմ առաջարկում՝ որպես ականջի ու հոգու մեռոն:

Այստեղ զետեղված բոլոր նյութերը բացառապես հեղինակային են, ոչ մի ուրիշ տեղ չեք հանդիպի, այդ պատճառով էլ տեքստերի օգտագործման և տարածման ընդունելի հանգամանքներում նպատակահարմար եմ գտնում հիշեցնել հեղինակային իրավունքի պահպանման միակ պատվիրանը.

«Չեն իմանա՝ որտեղից եմ գրել» չկա: Կիմանան:
Հղե՛ք, որ հղվե՛ք :)

Եվ վերջում, ընդունե՛ք ի խորոց սրտի իմ շնորհակալական խոսքն այս կայքի միջոցով դասական երաժշտությանը հաղորդ լինելու ձեր ողջունելի որոշման համար:  

Հարգանքով ու մեծ սիրով՝ Արաքս Շահինյան


All rights reserved. © Sargis Bulghadaryan Photography








2 comments:

  1. Համերգների ժամանակ ծափահարողներից զատ կա մեկ այլ հետաքրքիր խումբ. լռության պահերին հազացողներ )))) Որ բոլորն ունկընդրեն արվեստածին այդ ակտը ))) Ու դա մի տեսակ դաժան ֆանտազիաներ ա արթնացնում մեկ-մեկ մարդու մեջ՝ կապված էդ հազացողին բարեմաղթանքներ անելու ու այլ բաների հետ )))

    ReplyDelete
    Replies
    1. Ճիշտ եք և այն ինչ Դուք և ես գրել ենք, լռության պահերին անտակտ հնչող կակաֆոնիայի պահերից ընդամենը երկուսն են :) Դա առանձին թեմա է, երևի ընդհանրապես մի ամբողջ "բագատել" պիտի գրել դրա մասին:

      Delete