Saturday, December 13, 2014

Շուման. «Երիտասարդ Երաժշտի Ուղեցույց»

Շումանի այս աշխատությունը 19-րդ դարի կեսերին գրված ձևի մեջ ամենապարզ, բովանդակությամբ՝ ընդգրկուն կանոնագիրք է, որ այս հրաշք ռոմանտիկը հարկ է համարել կտակել գալիք սերունդների երաժիշտներին: Թարգմանելիս հասկացա, թե ինչու այսպիսի խորհուրդների արդիականությունը երբեք փոշեկոլոլ չէ, միշտ ներկայով է ու տեղին: Մարդուն ինչպես այնտեղ, այդպես էլ այստեղ երկու ականջ, երկու աչք է տրվել (որ հաճախ քիչ է) ու մի բերան (որ հաճախ շատ է), խիղճ (որի գոյությունը որոշ մարդիկ սեփական գոյությամբ կարող են հերքել) ու հիշողություն (որի չլինելը բոլորիս երջանիկ կդարձներ): Ինչնե՞րս է ուրիշ: Ինչնե՞րս փոխվեր: Շումանի ամենաոչերաժշտական պատվիրաններից է չմեծամտանալը, այլ գործի տեր մարդկանց հարգելը (այն ժամանակ դեռ տեսել է այդպիսիների առատությունն ու նողկալիությունը), բեմում սեթևեթելու փոխարեն երաժշտություն ստեղծելու ոչ միշտ հաջողված առաքելությունը, «ես եմ, որ կամ»-ի անաստվածությունը, «ինձնից լավը չես»-ի հոգեկործան գալարները: 


«Երիտասարդ երաժշտի ուղեցույցը», որ ժամանակին ոչ ավել ոչ պակաս Չայկովսկին թարգմանեց ռուսերեն, պարզ հասկանալով նյութի հարատև կարևորությունը նաև սեփական ազգի համար, այսօր ցանկացած երաժիշտ այն կիրառելու չափ անգիր գիտի (եկեք հուսանք՝ այդպես է): Երևի բոլոր լեզուներով թարգմանված է, իսկ ես դեռ այն միամիտներից եմ, որ մտածում է՝ հայերեն կարդալ ցանկացողը պիտի ունենա հայերեն կարդալու հնարավորություն: 

Հ.Գ. Գրողի, թարգմանողի ձեռքն իր խիղճն է:


Մարդն ամեն ինչ ասում է, թողնենք՝ ասի: 



Շումանի աշխատասենյակը



Ռոբերտ Շուման
«Երիտասարդ Երաժշտի Ուղեցույց »


Կարևորագույն հարցը ականջի զարգացումն է: Ջանացեք վաղ տարիքից տարբերակել տոնայնություններն ու առանձին հնչյուններն ականջով: Զանգը, պատուհանի ապակին, կկվի կանչը՝ ականջ դրեք դրանցից յուրաքանչյուրի արտաբերած ձայներին:


Պետք է անդադրում վարժվեք գամմաների և մատների այլ վաժությունների մեջ: Հարկավ, կան մարդիկ, որ կարծում են՝ ամեն ինչի կհասնեն օրվա մեծ մասն այս կերպ անցկացնելով մինչև օր ծերություն: Սա նման է այն բանին, երբ մարդ ամեն Աստծո օր կրկնի այբբենարանն ու դա անի ամեն անգամվա հետ ավելի արագ և այդպես շարունակ: Ժամանակը խելամի՛տ օգտագործեք:


Այսպես կոչված «խուլ դաշնամուրներ» կամ անձայն ստեղնաշարեր են ստեղծել: Պարապեք դրանց վրա որոշ ժամանակ և կհասկանաք դրանց անարժեքությունը: Համրից խոսել չես սովորի:


Խստորեն հետևեք կատարման տեմպին, ռիթմին: Շատ վիրտուոզների կատարում գինովցածի քայլքին է նման: Վերջինս ձեզ կրկնօրինակման մոդել մի՛ դարձրեք:
Ժամանակին սովորեք հարմոնիայի հիմնարար հիմունքները:


Մի՛ սարսափեք «Թեորիա», «Գեներալ բաս», «Կոնտրապունկտ» և նմանատիպ այլ բառերից: Նրանք ձեզ մեծահոգաբար կընդունեն, եթե նույնն անեք ինքներդ:


Երբեք մի՛ երկմտեք ստողծագործության կատարման ժամանակ, գրավե՛ք այն ավյունով և երբեք կիսատ մի՛ նվագեք:


Ստեղծագործությունը ձգձգելն ու անհարկի փութկոտ կատարելը նույնչափ արատներ են: Դյուրին ստեղծագործությունները ձգտեք կատարել անվրեպ ու գեղեցիկ: Դա շատ ավելի գերադասելի է, քան բարդ գործերի իմիջիայլոց մեկնությունը:


Մշտապես հետևեք, որ ձեր գործիքը կարգին լարված լինի:


Ստեղծագործությունը միայն մատներով չեն կատարում, պիտի ի վիճակի լինեք երգել այն նույնիսկ առանց դաշնամուրի: Սրեք ձեր երևակայությունը, որ կարողանաք մտապահել կոմպոզիցիայի ոչ միայն մեղեդին, այլև վերջինիս պատկանող հարմոնիաները:


Վարժվեք կատարվելիք գործի հանպատրաստից, առանց գործիքի առկայության երգելուն նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ձայնը ձեր ամենամեծ առավելությունը չէ: Սա շարունակաբար կսրի ձեր լսողությունը: Իսկ եթե ձայնի հարցում բախտավոր եք, վայրկյան անգամ մի՛ կորցրեք, մշակե՛ք այն՝ չուրանալով, որ այն վերից տրված ամենաազնիվ պարգևներից է:


Զարգացեք այնքան, որ թղթի վրա լսեք երաժշտությունը:


Երբ կատարում եք, երբեք մի՛ մտածեք՝ ով է ունկնդրում:


Մշտապես նվագեք՝ կարծես վարպետներն են ձեզ լսում:


Երբ ձեր առջև նոր ստեղծագործություն են դնում կատարման համար, աչքերով անցեք վրայով ամբողջությամբ:


Երաժշտական օրվա վերջն է և առօրյա պարապմունքից հոգնե՞լ եք: Մի՛ լծեք ձեզ հավելյալ պարապմունքով: Ավելի լավ է հանգստանալ, քան թոշնած ու անտրամադիր պարապել:


Տարիքն առնելով՝ երբեք մի՛ կատարեք գործեր, որոնք պարզապես նորաոճ են: Ժամանակն անգին է: Մարդ հարյուր կյանք պիտի ունենա երաժշտության լավագույնն ուսումնասիրելու համար:


Քաղցրավենիքի ու բլիթների վրա առողջ երեխա չես մեծացնի:  Ինչպես ֆիզիկական, նույն կերպ էլ հոգևոր սնունդը պիտի լինի պարզ  ու սնուցող: Մեծերը հոգևորի հարցը լուծել են, մնում է ի կատար ածեք:


Կատարողը կարող է շատ սահուն լինել տեխնիկական պասաժներում, որոնք ժամանակի հետ պրիմիտիվանում են և կարիք ունեն փոփոխվելու: Վիրտուոզ տեխնիկան գոյության արդարացված իրավունք ունի, երբ վերին գաղափարի ծառան է:


Տեղ մի՛ տվեք անհաջող ստեղծագործություններին, ընդհակառակը՝ արհամարհե՛ք դրանք: Ո՛չ կատարեք, ո՛չ առավել ևս լսեք դրանք, եթե իհարկե պարտադրված չեք:


Երբեք կատարողական թեթևության չհասնեք «բրավուրա» կոչվածի մեջ [բրավուրան երաժշտության մեջ ավելորդ անգամ սեփական կատարելությունն ընդգծող տեխնիկական հիշեցում/կատարումն է: Ա. Շ.]: Կատարման ժամանակ կոմպոզիտորի գլխով մտածեք: Սրանից անդինն արդեն ծաղր է, սրանից անդին չգնաք:


Հրեշություն է լավ կոմպոզիտորի ստեղծագործության տեքստի փոփոխումը, դրանից ինչ-որ հատվածների հանումը, անտեղի նոր զարդարանքների ներմուծումը: Սա Արվեստի հանդեպ մեծագույն հանցանքն է, որ կարելի է երևակայել (չէր խոսում, բնականաբար, բարոկկոյի մասի): 


Ուսման նպատակով ընտրվող ստեղծագործությունների հարցում դիմեք առավել փորձառուներին: Սա շատ ժամանակ կխնայի:


Աստիճանաբար մոտեցեք մեծ վարպետների մեծ ստեղծագործություններին:


Այսպես կոչված վիրտուոզների հանրահայտությամբ չտարվե՛ք, արվեստից հասկացող մարդկանց ծափերն են արժեքավոր, ոչ ամբոխինը:


Ամեն նորաոճ մի օր հնաոճ է դառնում, եթե դրա հետևից ընկաք, ծիծաղի առարկա եք դառնալու լուրջ մարդկանց մեջ:


Հասարակության առաջ չափից շատ ելույթներն ավելի փչացնում, քան հղկում են կատարումը: Հարգանք ունեցեք մարդկանց հանդեպ, երբեք ոչ ոքի համար մի՛ նվագեք հոգու խորքում ամոթալի թվացող ստեղծագործություն:


Երբեք բաց մի՛ թողեք ուրիշների հետ նվագելու հնարավորությունը՝ դուետով, տրիոյով, կվարտետով: Դա ձեր կատարումը սահուն է դարձնում, ոգեշունչ և թեթև: Նվագակցե՛ք երգչի, երբ առիթ է ընձեռվում:


Եթե բոլորն առաջին ջութակ նվագեին, նվագախումբ չէր լինի: Հարգե՛ք յուրաքանչյուր իր տեղում եղող երաժշտի:


Սիրե՛ք ձեր գործիքը, բայց երբեք մի ընկեք սնափառության ճանկերը, որտեղ կմտածեք՝ այն ամենալավն ու միակն է: Հասկացեք՝ մնացածները պակաս չեն: Հիշե՛ք նաև, որ կան երգիչներ, և որ մարդկային ձայնն ու երգչախումբը Երաժշտության արտահայտման ամենավսեմ դրսևորումն է:


Առաջադիմելիս ավելի շատ գործ ունեցեք ստեղծագործության թղթի, քան վիրտուոզների հետ:


Ջանասիրաբար պարապեք մեծ վարպետների ֆուգաները, Յոհան Սեբաստյան Բախինը՝ ամենից առաջ: Դարձրեք նրա «Լավ Տեմպերացված Կլավիրը» ձեր հանապազօրյա հացը: Միայն այս կերպ խորը երաժիշտ կդառնաք:


Ձեր շուրջը փնտրեք ձեզնից շատ իմացողներին:


Ձեր երաժշտական վերարտադրումների համար հաճախ ընթերցեք պոետներին: Զբոսնեք մաքուր օդին անպայման:


Կանացի ու տղամարդկանց ձայներից շատ բան կարելի է սովորել, բայց դրանք ամեն ինչի հանգուցակետ մի՛ դարձրեք:


Սարերից այնկողմ էլ են մարդիկ ապրում: Համե՛ստ եղեք, քանզի չեք հայտնաբերել ու չգիտեք ոչինչ, ինչ ձեզնից առաջ չի հայտնաբերվել և իմացվել: Նույնիսկ եթե արել եք, համարե՛ք այն նվեր ի վերուստ, որը պիտի կիսեք մնացածի հետ:


Սեփական ինքնահավանությունն ու սնափառությունը վերացնելու ամենակարճ ճամփան երաժշտության պատմության տարբեր դարաշրջանների մեծերի ստեղծագործություններին ծանոթանալն է:


Երաժշտության մասին հիանալի աշխատություն է Թիբաութի «Երաժշտարվեստի մաքրության մասին» շարադրաքը: Հնարավորինս հաճա՛խ վերընթերցեք:


Երբ եկեղեցու կողքով եք անցնում ու երգեհոնի ձայն լսում, նե՛րս մտեք ու լսեք: Եվ եթե բախտ վիճակվի՝ ինքներդ հայտնվեք երգեհոնի առաջ, աշխատեցրե՛ք ձեր փոքր մատներն ու տեսեք Երաժշտության անսահման մեծությունը:


Օգտագործեք երգեհոնի վրա կատարելագործվելու ցանկացած հնարավորություն: Ոչ մի ուրիշ գործիք այսչափ հապճեպ հաշվեհարդար չի տեսնում վատ կատարման կամ վատ ստեղծագործության հետ, որչափ երգեհոնը:


Հաճա՛խ երգեք երգչախմբերում, հակապես միջին հատվածներում: Սա ձեզ երաժշտական կդարձնի:


Ի՞նչ է նշանակում լինել երաժշտական: Դուք այդպիսին չեք, եթե ձեր աչքերը գամված են նոտաթղթին, ստեղծագործությունը մի կերպ եք հասցնում ավարտին: Դուք այդպիսին չեք, երբ մեկը միանգամից երկու թերթ է շրջում մեկի փոխարեն ու դուք կանգնում եք՝ ի վիճակի չլինելով առաջ գնալ: Բայց դուք այդպիսին չեք, եթե բոլորովին նոր ստեղծագործության մեջ արդեն զգում եք՝ ֆրազն ուր է տանելու, եթե ծանոթ ստեղծագործությունն անգիր գիտեք, մատներից էլ այն կողմ՝ սրտում և մտքում:


Բայց ինչպե՞ս դառնալ երաժշտական: Սիրելինե՛ր, ամենակարևորը՝ սուր ականջն ու ըմբռնելու արագությունը, գալիս է վերից, բայց տաղանդը կարելի է զարգացնել ու բարձրացնել: Դուք երաժշտական կդառնաք ոչ այն դեպքում, երբ մենակյացի պես փակվեք սենյակում ու տեխնիկական վարժություններ կրկնեք անդադար, այլ այն դեպքում, երբ ապրեք բազմակողմանի երաժշտական կյանքով, նվագախմբերի ու երգչախմբերի հետ շարունակական համագործակցությամբ:


Հնարավորինս շուտ հասկացեք մարդկային ձայնի առանձնահատկությունը, ուշադրություն դարձրեք դրան հատկապես երգչախմբային ստեղծագործություններում, գտեք՝ որտեղ է կայանում դրա բարձրագույն ուժը և որտեղ է այն առավել ընդգծում մտքի նրբությունն ու փափկությունը:


Ազգերի երգերին մեծ ուշադրություն դարձրեք, դրանք գեղեցկագույն մեղեդիների հանքեր են՝  բաց ցանկացած նոր ականջի համար:


Վա՛ղ սկսեք կարդալ հին ստեղծագործությունները, այլապես անցյալի գանձարանը մեկնդմիշտ մութ կմնա ձեզ:


Վաղ ըմբռնեք յուրաքանչյուր գործիքի երաժշտական առանձնահատկությունները, դրանց գունային շերտը ձեր տարիների հետ ավելացրեք:


Երբեք մի՛ վարանեք, լավ օպերա լսեք:


Հարգեք անցյալը, բայց նորին էլ տաք սրտով դիմավորեք: Ոչ մի նախապաշարմունք թող ձեզ չկաշկանդի անծանոթ անուններին ծանոթանալիս:


Մի անգամ լսելով՝ ստեղծագործության մասին կարծիք մի՛ կազմեք: Այն, ինչ առաջին ակնթարթին գերում է, միշտ չէ, որ ամենալավն է: Մեծերին սովորել է պետք: Շատ բան տարիքի հետ եք հասկանալու:


Ստեղծագործությունների մասին դատելիս՝ տարբերակեք՝ արդյո՞ք դրանք արվեստի միտվածություն ունեն, թե՞ դիլետանտի ժամն են լցնում: Մշտապես կանգնե՛ք առաջինների կողքին և երբեք մի՛ ծանրաբեռնեք ձեզ երկրորդներով:


Մեղեդին դիլետանտության գաղտնաբառն է, բայց ոչ ոք չի հերքում՝ երաժշտություն առանց մեղեդու չկա: Հասկացե՛ք՝ ինչ նկատի ունեն դրանով: Դիլետանտի համար ականջալուր, դյուրահաս մեղեդուց այն կողմ ոչինչ չի անցնում: Բայց այլ կարգի երաժշտություն էլ կա: Բացեք Բախի, Մոցարտի կամ Բեթհովենի ցանկացած հատոր և կտեսնեք դրանք հազարավոր տարբերակներով ու ոճերով: Հույս ունեմ՝ շուտ կձանձրանաք ժամանակակից իտալական օպերաների մեղեդիների աղքատությունից ու միապաղաղությունից [նկատի ուներ Ռոսինիին, Բելինիին: Շումանը նրանց «այս սոխակներն» էր անվանում]:


Եթե ինքնուրույն եք բացահայտում փոքր մեղեդիներ դաշնամուրի մոտ, դա շատ լավ է: Բայց եթե դրանք այցելում են ձեզ բոլորովին ինքնուրույն, երբ դաշնամուրի մոտ չեք, ավելի մեծ առիթ ունեք ցնծալու, քանզի ձեր ներսի երաժշտությունն է դա: Մատները գլխի ուզածը պիտի անեն, ոչ թե հակառակը:


Երբ սկսեք ստեղծագործել, ստեղծեք ամեն ինչ նախ գլխում: Երբ մի մասն արդեն պատրաստ ունենաք, փորձեք գործիքի վրա: Եթե երաժշտությունը ձեր հոգուց է գալիս ու զգում եք այն ամեն մասնիկով, այնժամ այն կազդի նաև ուրիշների վրա:


Եթե Աստված ձեզ շռայլորեն պարգևել է աշխույժ երևակայություն, հաճախ եք նստելու միայնակ ձեր դաշնամուրի մոտ՝ փնտրելով ձեր ներսի ձայնի հարմոնիկ արտահայտչամիջոցներ, և որքան գրավի ձեզ հարմոնիայի այդ մոգական կայսրությունը, այնքան ավելի հեռու է ձեզ թվալու այնտեղ տանող ճափան: Սրանք են երիտասարդության ամենաերջանիկ պահերը: Զգուշացե՛ք ամեն դեպքում ձեր տաղանդն իսպառ հյուծելու և տեսիլքների վերածելու ցավագին փորձից: Ձևին տիրապետելը, ձեր ստեղծածի հստակ վերարտադրումը ձեզ թույլ կտա հասնել գրի իրական արվեստին: Այդժամ կգրեք ավելի շատ, քան իմպրովիզի կդիմեք:


Վաղ խմբավարեք: Ուսանեք մեծ խմբավարների մոտ և սովորություն դարձրեք նրանց հետ զուգահեռ խմբավարելը՝ լուռ, ձեզ համար: Սա ձեզ շարժումի հստակություն կբերի:


Ձեզ աչքաթող չանեք հատկապես այլ արվեստների ու գիտությունների ուսումնասիրման հարցում:


Բարոյականության օրենքներն Արվեստի օրենքներն էլ են:


Աշխատասիրությամբ ու հաստատակաությամբ շատ բանի կհասնեք:


Մի ֆունտ մետաղից հազարավոր ժամացույցների զսպանակներ կարելի է սարքել, որոնց գինն օգտագործման մեջ կավելանա: Աստծուց տված «ֆունտը» մի վատնեք, հավատարմորեն շահագործեք:


Առանց էնտուզիազմի արվեստում ոչինչ չի ծնվում:


Արվեստը չի ստեղծվել հարստություն դիզելու համար: Կատարելագործվե՛ք ձեր արվեստի մեջ, մնացածն ինքն իրեն կգա:


Միայն երբ ձևն ամբողջությամբ հստակ կլինի, այն ժամանակ էլ ստեղծագործության ոգին կայցելի:


Միայն հանճարն է հանճարին ամբողջապես ըմբռնում:


Մեկը մի օր ասաց՝ իսկական երաժիշտը պիտի կարողանա բարդ նվագախմբային ստեղծագործությունը մի անգամ ունկնդրելուց հետո թղթին հանձնել այն: Սա այս արվեստում գերագույն ձեռքբերումն է, որ կարելի է երևակայել:


Սովորելուն վերջ չկա:       

Թարգմ.՝ Ա. Շահինյանի

Որ ամեն ինչ ճիշտ, լիարժեք վերջանա՝ Շուման, դաշնամուրի սոնտա No. 2, op. 22 սոլ մինոր 

© Araks Shahinyan 2014


2 comments:

  1. Wow! Տպավորիչ գործ եք արել: Բրավո ու շնորհակալություն (Y)

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ, որ հետևում եք:

      Delete