Saturday, December 13, 2014

Շուման. «Երիտասարդ Երաժշտի Ուղեցույց»

Շումանի այս աշխատությունը 19-րդ դարի կեսերին գրված ձևի մեջ ամենապարզ, բովանդակությամբ՝ ընդգրկուն կանոնագիրք է, որ այս հրաշք ռոմանտիկը հարկ է համարել կտակել գալիք սերունդների երաժիշտներին: Թարգմանելիս հասկացա, թե ինչու այսպիսի խորհուրդների արդիականությունը երբեք փոշեկոլոլ չէ, միշտ ներկայով է ու տեղին: Մարդուն ինչպես այնտեղ, այդպես էլ այստեղ երկու ականջ, երկու աչք է տրվել (որ հաճախ քիչ է) ու մի բերան (որ հաճախ շատ է), խիղճ (որի գոյությունը որոշ մարդիկ սեփական գոյությամբ կարող են հերքել) ու հիշողություն (որի չլինելը բոլորիս երջանիկ կդարձներ): Ի՞նչն է ուրիշ: Ի՞նչը փոխվեր: Շումանի ամենաոչերաժշտական պատվիրաններից է չմեծամտանալը, այլ գործի տեր մարդկանց հարգելը (այն ժամանակ դեռ տեսել է այդպիսիների առատությունն ու նողկալիությունը), բեմում սեթևեթելու փոխարեն երաժշտություն ստեղծելու ոչ միշտ հաջողված առաքելությունը, «ես եմ, որ կամ»-ի անաստվածությունը, «ինձնից լավը չես»-ի հոգեկործան գալարները: 


«Երիտասարդ երաժշտի ուղեցույցը», որ ժամանակին ինքը՝ Չայկովսկին թարգմանեց ռուսերեն՝ պարզ հասկանալով նյութի հարատև կարևորությունը նաև սեփական ազգի համար, այսօր ցանկացած երաժիշտ այն կիրառելու չափ անգիր գիտի (եկեք հուսանք՝ այդպես է): Երևի բոլոր լեզուներով թարգմանված է, իսկ ես դեռ այն միամիտներից եմ, որ մտածում է՝ հայերեն կարդալ ցանկացողը պիտի ունենա հայերեն կարդալու հնարավորություն: 

Հ.Գ. Գրողի, թարգմանողի ձեռքն իր խիղճն է:


Մարդն ամեն ինչ ասում է, թողնենք՝ ասի: 



Շումանի աշխատասենյակը


Tuesday, July 22, 2014

Շոստակովիչ. Ցավը

Ցանկացած հասուն, նյարդերդ իրենց բնում պահող երաժշտություն ըմբռնելու համար նախ և առաջ կոմպոզիտորի՝ տվյալ գործը ստեղծելու դրդապատճառներից, հանգամանքներից ու ժամանակից մի քիչ գլուխ հանել է պետք. ես հակված չեմ մտածելու՝ ալեատորիկայի, նույն իր՝ հանկարծահասության մատը խառն է հանճարեղ գործերի ստեղծման հարցում: Պիտի գա, որ գրես, կանչես՝ չի գա հո, խալխի շունը չէ: Կոմպոզիցիան օրինապաշտ հեղափոխականի գրչի տակ միշտ էլ ունի հստակ ձևակերպված դրույթներ, որոնք տալիս են ստեղծագործության գոյության իրավունքը, ինչն այս հակիրճ մտորման արդյունքում կանվանենք ստեղծ(վ)ելու դրդապատճառ: Նապոլեոնյան արշավանքները ծնեցին ուրիշ արյուն ունեցող Բեթհովեն, ստալինյան բռնապետության անեծքն անասելի զայրույթով բարբառեց Շոստակովիչի ութերորդ լարային կվարտետում, որ ամեն անգամ լսելիս փշաքաղված մաշկիդ տակ էլ է երաժշտություն արտադրվում, Մոցարտի մասնավորապես վաղ շրջանի գործեր կաղ մուրացկանի պես ամեն կերպ դեպի արքունիք էին ձգտում, Հայդնն Էսթերհազիի ձայնն էր բարբառո անապատի մեջ, Բախը Բրանդենբուրգի դարպասներն է, որ կա: Շարքն անվերջ կարելի է շարունակել, տվեք ցանկացած կոմպոզիտորի անուն, և կարելի է նրա անվան շուրջ գծագրել ստեղծագործական ժամանակաշրջանի էսքիզը: Վերոնշյալ օրինակներն անմասն չեն քաղաքական ենթատեքստից, եթե ընդհանրապես չասենք՝ ոտքից գլուխ թագավորի սֆաթն են՝ այլանդակված, գրոտեսկային պատկերավորությամբ, հաստափոր, հիմնականում դատարկասիրտ, բայց միշտ, մի՛շտ բարեհունչ:


Իր սիրելի «դաչայի» մոտ: Քայլում էր, որ չխելագարվի:  



Կարդում ես նրա նամակները (չգիտեմ՝ որ իրավունքով ենք հետմահու խցկվում այլոց գրպաններն ու դարակները: Մեզ անեին՝ կսիրեի՞նք), հավատդ չի գալիս, որ սեփական շան մահվան մասին անսահման տառապանքով գրող, բլոկադայի ժամանակ անդունդ գլորվող իր ծննդավայր Լենինգրադն այդքան պաշտող, սեփական գոյության համար բոլորից ներողություն խնդրող այս ֆանտաստն իր մխացող դառնության մեջ այնքան հանճարեղ է ներկայացրել իրավիճակը երաժշտությամբ, որ հավատում ես՝ ներել է սատանային: Երեք օրում գրած ութերորդ կվարտետը (1960) ստալինյան ռեժիմի զոհերի հիշատակին մատաղ արված գառն է, զոհերի մեջ թե՛ կենդանի մարդիկ էին (կենդանի մնալը դեռ չմեռնելը չէ), թե՛ արդեն ոչ: Թավջութակի թավշյա, լարին բազմած հնչյունները բացում են «հիշատակ առ նահատակաց»-ն այս, որին արագ միանում են ալտն ու ջութակները, ու կամքիդ հակառակ գնում ես նեխող ճահճուտից Էրմիտաժ դարձած Լենինգրադ: Ունայնությունը բացում է Աստծուց էլ հին իր թևերը, գգվում քեզ այնպես, ինչպես սիրածդ մարդն իսկի չէր անի, ու չորանում ես, չորացնում, աղոթում, անիծում, կիսատ-պռատ աղոթում, հետո գալիս են սովից հարևանին կերած և դրա պատճառով բանտում պրծած Վասյայի և նրա շան ուրվականները՝ փորված ակնակապիճներով, իսկ ոսկորների վրա կաշի քաշած մարմինն այլևս ուռած չէ: Քրիստոսի քայլած տեղերում երեկ չորս երեխա սպանեցին, մի քիչ հյուսիս պետություն վերացավ:  Ունայնություն է մեղքի անունը, որովհետև երբ ուզում են պատժել, զրկում են. չես տալիս՝ տանում են, տայիր՝ չէին տանի: Հետո նրա լյա մինոր Op. 94-ը պատահական կպնում է ուսիդ, «ներեցե՛ք, չնկատեցի», ասում է: Դու էլ ժպտալով. «ճիշտ էլ արեցիք»:


Ու այս աշխարհում մարդիկ երաժշտություն, գիրք են գրում, թագավորի պլպլան ճաղատին լյուդովիկյան կեղծամ հագցնում, որ հաստ վիզը չմրսի, պատերազմներին անմայր էրեխեքին իրենց տուն տանելով պատասխանում, Շոստակովիչ ու Բախ լսում, ստորություններ, սրբություններ անում մի խոսքով: Ինչ էլ չեն վախենում...



© Araks Shahinyan 2014


Monday, May 5, 2014

Չլսել Բեթհովենի 9-րդ Սիմֆոնիան

Ծուլության կաթվածային այցելություններն առ ոչինչ են դառնում ամեն անգամ այս մարդուն և հատկապես նրա «Օպտիմիզմ» էսսեն ամոթով վերհիշելիս: Տեսնելու համար աչք է պետք: Չուներ: Տեսավ: Լսելու համար ականջ է պետք: Չուներ: Լսեց: Ամեն ինչ ունենք, էլի քիչ է:
 

Saturday, April 12, 2014

Ամադեուսի Ճանաչման Սիրողական Ուղեցույց

Վոլֆգանգ Մոցարտի մասին գրելու հենց առաջին բագատելից խոստացա, որ ձեզ կներկայացնեմ բացառապես սուբյեկտիվ դիտարկումների արդյունքում դուրս բերված Մոցարտի ճանաչման մի ձեռնարկ, որով կարելի կլինի պատկերացում կազմել այս մարդու բազմաշերտ կերպարային երաժշտության գոնե մակերեսային մասի մասին: Հասկանալ, որ Մոցարտի թեթև, զվարճալի, «պրիմիտիվ» երաժշտությունն իրականում հաստ շղարշ է այդ ամենից ներսը, իրականը տեսնել չթողնելու համար, և որ Մոցարտի երաժշտությունն առանձնապես բան չասող համարելը ոչ միայն երաժշտական անճաշակության մասին է խոսում, ցավոք, նաև երաժշտական տգիտության: Ստեղծագործությունների հերթականությունը ժամանակագրական չէ, ոչ էլ ըստ հասունության փուլերի, ինչպես ընդունված է ասել՝ վաղ Մոցարտ, ուշ Մոցարտ: Վոլֆգանգ Ամադեուսի դեպքում այս ձևակերպումներն անձամբ ես համարում եմ պայմանական, երբեմն էլ ընդհանրապես զարտուղող: Ստեղծագործությունների հերթականությունն ընտրված է Մոցարտի երաժշտական ժառանգությանը վատ ծանոթ կամ ընդհանրապես անհաղորդ ունկնդրի համար, որ, ինչպես առաջին բագատելում ասացինք, ռեքվիեմից չսկսի, ու այդտեղ էլ վերջանա ամեն ինչ: Ամբողջը չես նշի, բնական է, բայց լսելուց հետո, վստահեցնում եմ, ահագին բան այլևս ուրիշ կլինի: Այս երկար-բարակ ցանկը կարելի էր մի նախադասությամբ ավարտել, օրինակ՝ լսեք 1-ին և 5-րդից հետո եկող նրա բոլոր դաշնամուրային կոնցերտները, բոլոր Kyrie-ները, մեսաներն ու օֆերտորիումները, բոլոր կվարտետներն ու մի 10-15 սիմֆոնիա (կնշեինք, իհարկե, մասնավորապես որոնք),  misa brevis-ները, կվարտետներն ու սերենադները: Ու եթե անեինք այս կերպ, ոչ ոք ոչինչ չէր լսի: Իմ նպատակն այստեղ նպատակային, կոնկրետ, ուղղորդված ուղղություն ցույց տալն է, ոչ թե գովքի սազը ձեռքս առած Մոցարտի մասին օդում երգելը: Մի բան էլ. այս ամենը մի օրում լսելու չէ, շտապելու տեղ չունենք, բայց սկսելու համար հենց այսօրն էլ լավ է: Որպեսզի փնտրելու հարց չլինի, պարզապես սեղմեք ստեղծագործության անվան վրա և վերջ: Կատարումները միլիոնավոր են, ստեղծագործությունների հանճարեղությունն է, որ անփոփոխ է: Դե՞, գնացինք.


Friday, March 14, 2014

Մոցարտ. Communio: Lux Aeterna (Մաս 7.2)

Վերջացնենք մի կերպ: Ինձ զարմանալիորեն չի լքում Մոցարտի մասին այդպես էլ ոչինչ ասած չլինելու զգացումը, բայց և այնպես ամփոփենք այն սակավը, որ ավելի շուտ հարգանքի տուրք է հիշեցնում կյանքդ փոխող ստեղծագործողի անգո գերեզմանին, քան Ամադեուսի ճանաչման գիտահանրամատչելի ձեռնարկ:

Thursday, January 30, 2014

Մոցարտ. Communio: Lux Aeterna (Մաս 7.1)

CommunioՄոցարտի Ռեքվիեմն այս հատվածով վերջանում է: Բառը հանդիպում է դեռևս 14-րդ դարի հին ֆրանսերենում (“comunion” [համայնք]), հնում էլ եկեղեցական երաժշտական արարողակարգերի այն հատվածն էր, երբ եկեղեցում գտնվող հավատացյալ համայնքը ձայնակցում էր հոգևորականներին: Ռեքվիեմի Communio-ն երաժշտական առումով նոր թեմատիկա չունի, Ռեքվիեմը բացող Introit-ից հատված է, բայց արդեն, բառերի որոշակի փոփոխությամբ, ինչպես կանոնիկ տեքստն է ենթադրում ու այլ մասնագիտական փոփոխություններով, որոնք չենք քննարկի, որ կարդալ լինի: Նույն այս Communio-ի մեջ Introit-ի թեմային հաջորդում է “Kyrie Eleison”-ի անչափ ազդեցիկ ֆուգայի թեման, բայց, հենց երգչախմբային ձայներից սկսած, կրկին հստակ փոփոխություններով: Չվախենաք, հիմա ամենաընդհանրական ձևով ցույց կտանք, ու ամեն ինչ պարզ կդառնա.




© Araks Shahinyan 2014


Ռեքվիեմն արդեն գոյություն ունեցող թեմաներով ավարտին հասցնելու Զյուսմայերի այս որոշումը տարբեր բացատրություններ ունի, դրանցից մեկն էլ երաժշտական տեքստին ամբողջական, ավարտուն տեսք հաղորդելն է՝ արդեն հնչած թեմաները վերհիշեցնելով: Սա բացառիկ մոտեցում չէ: Երաժշտական կոնկրետ թեմայի բազմակի կրկնությունը ռեքվիեմի մեջ հանդիպում է նաև Մոցարտից տարիներ անց` օրինակ Վերդիի Ռեքվիեմի մեջ: Վերջինիս այդ սարսափելի “Dies Irae”-ն ժամանակ առ ժամանակ ունկնդրի նյարդային համակարգը հիմնահատակ ցնցող երկրաշարժն է: Ինչևէ, հետ գանք Մոցարտին: Չգիտենք, թե Մոցարտն այս հատվածի հետ կապված ինչ է շշնջացել Զյուսմայերի ականջին մահվանից առաջ, չգիտենք էլ՝ ասել է ընդհանրապես ինչ-որ բան, թե չէ: Այնպես որ Ռեքվիեմի այս վերջաբանը, ինչպես տեսնում եք վերևում, կորացնում, ճկում է ստեղծագործության երաժշտական կառուցվածքն այնքան, մինչև, երկրաչափական լեզվով ասած, հատվածի B կետը (այսինքն՝ ռեքվիեմի վերջը` Communion-ն) ամբողջապես ձուլվի A-ին (այսինքն՝ ռեքվիեմի սկզբին` Introit + Kyrie Eleison-ին), այսպիսով այն իր կառուցվածքով շրջանի վերածելով: Իսկ գիտե՞ք դա ինչ է նշանակում: Շատ պարզ՝ Ռեքվիեմը, այս տրամաբանությամբ դիտարկելիս, երբեք չի ավարտվում, քանի որ շրջան է: Այն իր երաժշտական թեմատիկ դասավորվածության շնորհիվ անդադար կրկնվում է, պատկերացնու՞մ եք, Մոցարտի Ռեքվիեմն անվե՛րջ է բառիս բոլոր իմաստներով... Այս ամենը հաշվի առնելով՝ եթե հանդգնենք չխրտնել սխալ հասկացվելու մտքից, հետևյալ նախադասությամբ կավարտենք այս նախաբանը. ու քանի որ Introit-ն ու Kyrie Eleison-ը Մոցարտն է գրել, Ռեքվիեմը հենց Մոցա՛րտն է ավարտել: