Tuesday, May 28, 2013

«Տրակտատ» այն մասին, թե ինչպես չգրել տրակտատ

Աշխարհում երկակիությունն առանցքային բան է, սկսած ընդունելի սեռային տիպերից մինչև ամենաընդհանուր՝ «լավ» ու «վատ», «չար» ու «բարի» ոչինչ չասող բնութագրերը, մարդկային վերջույթներից մինչև մեր կյանքը՝ հոգևոր և ոնց պատահի: Ինչպես մարդկային էությունն անշուշտ աստվածայինի (անհավատներին չնեղացնելու համար գրենք ինչ-որ անբացատրելի վերին էներգիայի) և հողեղենի ժամանակավոր կացարան է (նշված երկուսը միշտ չէ, որ համակեցության մեջ տանելի են), այնպես էլ գոյության իրավունքով ամեն նույնական բան մյուսի գոյությունից, լինելուց է միայն տարբերակելի: Սա ամենևին չի նշանակում որ համեմատությունն անխուսափելի է: Աջ ձեռքը ձախի հետ համեմատելը խելքին մոտ կլինի միայն, ասենք, ինչ որ կոնտրապունտալ տեխնիկապես զարգացած գործ նվագելուց, որովհետև երկուսն էլ նույն բանն են անում, ուստի հնարավոր է համեմատել, գնահատել դրանց համազորությունը կամ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Ստացվում է՝ պետք է համեմատել միայն նման, ավելի ճիշտ՝ նույն գործառույթով օժտված կամ նույն գործառույթն իրականացնող բաները: Թե չէ մարդկանց են համեմատում, որ ի՞նչ...