Monday, April 22, 2013

Դիտտերսդորֆ. Զատիկ

Ռեքվիեմներ երբեք չէր լսել, այդ պատճառով էլ զարմանքից կնճռոտված կզակը քամահրական դուրս ցցվեց, երբ զառամյալ ուղեղը սեփական մտքերն ականջների մեջ ինչ-որ անծանոթ տղամարդու ձայնով լսելի դարձրեց. «մահն էլ իր դափն ու ծնծղան ունի»... Ամեն ինչ ինչ-որ բան ունի, տան անհայտության մեջ բարբաջող ռադիոն՝ սովորաբար լռակյաց այդ հաշմանդամը, ռեքվիեմ ունի հենց հիմա: Հին էր շատ, աջ մասից էլ՝ ձայնն իջեցնելու տեղից, այնպես էր ճաքել անհավասար անկյունագծով դեպի իրեն հոսանքով սնուցող լարը, կարծես երկրաշարժից վիրավոր փոքր տեկտոնական խզվածք լիներ: Ռեքվիեմը մահվանն է պարտական իր գոյությամբ, այդ նույն ռեքվիեմի մուտքն ու նախաբանը հայտարարող հաղորդավարն աշխատանք ունի ռադիոյում, դեպի դուրս նայող պատշգամբից երևացող գունատ հորիզոնը լիճ ունի՝ իր չափ գունատ ու խանդոտ ալեկոծ, զարմանալիորեն անհանգիստ կանգնած լճի համար, մոտ 50 կիլոմետր շառավղով տարածվող անմարդաբնակությունն իրեն ունի, հենց իրեն: Իսկ ինքը միայն մի՛ բան ունի, ու այս մտքերի դեդուկտիվ ալգորիթմից ականջները սկսեցին սուր ու խուլ դո նոտայով լռեցնել նրա ներքին ձայնը: