Wednesday, October 30, 2013

Մոցարտ. Sanctus (Մաս 5.1)

SANCTUS - Մոցարտի Ռեքվիեմի մասին երբևէ լսած մեկը անպայման գիտի նաև, որ այն անավարտ է փաստացի, այն առումով, որ Մոցարտը մեռնում է այն գրելու ժամանակ, վերջնական տեսքի բերողն էլ իր աշակերտ Զյուսմայերն է լինում: Ռեքվիեմի մասին բագատելում մանրամասն կներկայացնենք՝ որ հատվածներն են մահամերձ Մոցարտի գրչի վերջին հարվածները: Sanctus-ը չէ: Ամեն դեպքում ինչ-որ գրավոր արձանագրություն, սևագիր, նոտագրված նշումներ կամ թեկուզ բառերի միջոցով գրավոր հուշումներ չկան փաստելու այն մասին, որ Մոցարտը կապ է ունեցել Ռեքվիեմի այս հատվածի հետ: Բայց և չի բացառվում, որ բանավոր կերպով Մոցարտն ամեն ինչ հուշել է իր մահվան մահճի մոտ նստած Զյուսմայերին: Այնպես որ առ այսօր ոչինչ, ոչի՛նչ հայտնի չէ Sanctus-ի հեղինակի՝ այս երկուսից կոնկրետ ով լինելու մասին: Ինչևէ, Sanctus-ը կաթոլիկ ավանդական մեսաների մեջ հրեշտակներին փառաբանող «հրեշտակների հիմն» հատվածն է:


Այո, Մոցարտն այսուհետ վիեննացի կդառնա, բայց թե ինչպես, դա կորոշի ոչ ավել, ոչ պակաս Զալցբուրգի մտագար արքեպիսկոպոս Հիերոնիմուս ֆոն Կոլորեդոն: Սուբյեկտիվ երևալու մտավախությունն ինձ հենց նոր ստիպեց մտքիս մեջ գոյություն ունեցող այս տեքստի արդեն ավարտուն կառուցվածքը վերանայել և սկզբից ներկայացնել այս պատմական հիմարի հնարավորինս օբյեկտիվ կերպարը Զալցբուրգի մշակութային (եթե այդպիսին գոյություն ուներ ընդհանրապես) անցուդարձի մեջ: Հանգիստ թողնելով կենսագրական տարեգրությունների տաղտկալի մանրամասները՝ տեսնենք Կոլորեդո աշխարհիկ հոգևորականն ինչ բերեց Մոցարտի գլխին, ինչն էլ վերջնականապես հունից հանեց տարիներ շարունակ այս միջակությանն «Այո՛, Ձերդ Պայծառափայլություն» ասող և դրան երբեք չհավատացող Վոլֆգանգին: Պետք է նշել, որ Հռոմեական Կայսրությունում քաղաքային արքեպիսկոպոսն օժտված էր արտաքին հարաբերությունները կարգավորող օրգանի լիազորություններով՝ ընդհուպ մինչև Զալցբուրգից մարդկանց ներս ու դուրս թողնելը: Բոլորի գլխին հա՛մ դեսպան էր, հա՛մ կառավարիչ, ազատ ժամանակ էլ հավատք էր քարոզում: Թե դրա քարոզած հավատքն ինչ պիտի լիներ, երևի ամենացայտուն ձևով բացատրում է (ոչ երբեք արդարացնում) Մոցարտի մասոնական օթյակի անդամ դառնալը: Բայց սա շատ ուրիշ պատմություն է, չխառնենք իրար: Ինչևէ, առանց արքեպիսկոպոսի թույլտվության հատկապես իր տրամադրության տակ ճկռող հարյուրավոր սպասավորները՝ երաժիշտները, խոհարարները, հրուշակագործները, կոշիկի կապեր կապող-արձակողները, կրծքին իր քաշից ավելի, անխիղճ հարստությամբ նախշված խաչը կախողները, սպասք փայլեցնողները, աղի հանքերի հետ կռիվ տվող զալցբուրգցիները, իրավունք չունեին հարևան կայսրություն ոտք դնելու: Վեց շաբաթից երկար Զալցբուրգից բացակայել այդպես էլ չթողեց Վոլֆգանգին, իսկ չենթարկվելը սովի կմատներ Մոցարտների՝ առանց այդ էլ համեստ ստամոքսները: Այս մարդը, որ եկեղեցական երաժշությունից, առհասարակ արվեստից հասկանում էր մեծ հաշվով այնքան, ինչքան արդարադատ կառավարումից (իսկ դա, դժվար չէ կռահել, ոչինչ չհասկանալն էր), բառիս ցավոք ուղիղ իմաստով մուրացկան դարձրեց Լեոպոլդին, ում ոչ մի կերպ կոնստանտ եկամուտ ապահովող կապելմայստեր չէր նշանակում տարիներ շարունակ: Վերջում էլ Վոլֆգանգի համար պաշտոն տրամադրելու աղերսներից զզված՝ ընդհանրապես դուրս է շպրտում ավագ Մոցարտին, անունն էլ ջնջում արքունական երաժիշտների՝ գնալով անտաղանդ անուններով լցվող ցուցակից: Իսկ կապելմայստերի պաշտոնի թափուր մնալու դեպքում էլ անչափ յուրահատուկ դիտողունակությամբ մի այնպիսի շնորհազուրկի էր գործը հանձնում, որ զալցբուրգցու տկարամիտ ու բութ լինելու մասին պատմական բոլոր անեկդոտներն ամեն կերպ իրենց արդարացի հաստատումն էին գտնում ողջ Ավստրիո Կայսրությունում: