Thursday, September 26, 2013

Մոցարտ. Offertorium (Մաս 4)

OFFERTORIUM Չենք մանրամասնի “Offertorium” ասվածի կաթոլիկ եկեղեցական բացատրությունը, որովհետև այն հղման ենթակա բան չէ, մի ամբողջ բացատրական բառարանի գիտություն և մեկնություն է պահանջում թեոլոգիական ուսմունքների մեջ իրեն անչափ հարմարավետ զգացող աստվածաբանի կողմից: Միայն նշենք, որ ծագումնաբանորեն լատիներենից է, հետ է գնում մինչև 14-րդ դար և նշանակում է մեսայի այն հատվածը, երբ հանգանակություն է կատարվում: Մյուս իմաստով էլ այն տեղն է եկեղեցու խորանին, որտեղ դրվում է հավատացյալ ժողովրդի հանգանակը: Չէի մտածում, որ հղման մեջ հղում անելու կարիք կլինի, ամեն դեպքում «հանգանակ» բառը հայերենի անարդարացիորեն հնացած ձևերից է, նույն նվիրատվությունն է: Լեզվի գրավչություններից մեկն էլ իմ համեստ կարծիքով իմաստային առումով դիպուկ ու բարեհունչ բառերին երբեք ծերանալ չթողնելն է: Քանի վերջնական չենք շեղվել, հավելենք միայն, որ Մոցարտի դեպքում “Offertorium”-ը ռեքվիեմի չորրորդ բաժինն է, եթե ռեքվիեմն ընդունում ենք իր հիմնական յոթամաս կառուցվածքով, ինչը երբեմն տարակարծության առիթ է: Վիճելի է, սակայն ոչ այնքան, որ բագատելից երկար հղում գրենք:


Մոցարտի աշխարհիկ կյանքն ու անաշխարհ գործունեությունը միշտ չէ, որ միևնույն պրիզմայով են անցնում, այս երկուսի հատման եզրերը նույնիսկ հազվադեպ են, եթե իրապես դիտենք այս անհատակ անդունդի խորքերը: Այսօր անհնարին չէ Մոցարտ մարդ տեսակի մասին գերընդհանրացված, այնուամենայնիվ ինչ-որ կերպ կայուն պատկերացում կազմելը լայն կենսագրական գրականության, Վիեննայի ու Զալցբուրգի նրա տուն-թանգարանների շնորհիվ: Դա պարզապես պատմական ակնարկների աշխատատար հավաքագրում է, ինչն ականատեսները, կենսագիրները, գիտակ մարդիկ հասկանալի պատճառներով հնարավորինս բարեխղճորեն ի մի են բերել: Մոցարտին վերաբերող մեր նախորդ բագատելներից չեմ հիշում որ մեկում պատմում ենք նրա կենսախինդ, դյուրաբորբոք, ոչ անպայմանորեն հավասարակշռված, երբեմն՝ ընդհանրապես անհաշվենկատ բնավորության մասին, նույնիսկ արտաքինի՝ մարմնի համամասնություններին մի թեթև անհավասարաչափ աճած մեծ գլուխն ենք հիշատակում: Բազմիցս քննարկված, պատմականորեն հիմնավոր փաստերի շուրջ վիճելը, կարծում եմ, անշնորհակալ լինելուց բացի, անխելք գործ է: Հաճախ Մոցարտի առերևույթ կենսախինդ, լավատեսությամբ շառագունող տեսակն ու նույնպիսի ստեղծագործական լադը անծանոթ, չկողմնորոշված կամ անլուրջ շրջանակներում նույնքան անլուրջ էլ ընդունվում է: «Եթե նրա երաժշտությունն էլ է ինչ-որ իմաստով այդպիսին [անլուրջ], իսկ նրա երաժշտությունը մեծամասամբ այդպիսին է, ուրեմն էլ ին՞չ քննարկել: Մակերեսային, լավ իմաստով թեթև, չենք հերքում՝ երբեմն սրամիտ (կարծես որ հերքեիք ինչ...), հիմնականում հասարակ, խորը պոլիֆոնիկ երաժշտական գաղափարներից զուրկ է ուրեմն եղել, իհարկե Ռեքվիեմը չհաշված (դա էլ հաշվեիք...): Պարզապես նրա բացառիկ աշխատունակությունը, ցկյանս սերտվող դասերն ու նախանձելի ընդունակություններն անգերազանցելի են դարձրել Մոցարտին նախ որպես կատարող, այնուհետ՝ կոմպոզիտոր: Չէ՞ որ ստեղծագործողն ընդհանրապես ներսից դուրս է թափում այն, ինչ ներսում էլ չի տեղավորվում: Իսկ այդ չտեղավորվելիքը հո ուրիշինը չէ՞, իրենն է, ի՛նքն է հենց, ուրեմն եթե թեթևամիտ է եղել, լուրջ երաժշտամտածողություն Մոցարտից սպասելը պատրանքի հաճելի ձև է»: Այս իբր փաստարկը  ամենաընդհանրացված ձևով Մոցարտի թյուրըմբռնման հրաշալի բանաձև կարելի է համարել: Ես սա բնավ պախարակելի չեմ համարում, որովհետև երբեք չեմ հասկացել քարկոծելու իմաստը, երբ այն չպիտի հիմնավորվի հստակ, խելքին մոտ բացատրություններով, իսկ այն, որ այս տեսակետը վիճելի է՝ անխոս: Ձանձրալի մտքերին ռեֆլեքսորեն պատասխանող քիչ թե շատ տրամաբանությունս մեկ-մեկ հուշում է ոչ մի մակերեսային, երաժշտական գրագետ վերլուծությունից զուրկ ու խորքային քննարկման հայտ չներկայացնող անհամեստ տեսակետ լուրջ դիտարկման չենթարկել: Չենք լսի իմ տրամաբանությանը, ամեն դեպքում կփորձենք նաև մեր վերլուծությունն անել` ընդհանրական այս տեսակետին հակակշիռ մեր վերլուծությունը: Միգուցե ամեն հեղհեղուկ տեսակետ չէ, որ պետք է հաշվի առնել, բայց երբ այդ տեսակետը հեղձուկ թոկի նման փաթաթվում է այս մարդու ստեղծածին անհաղորդ ունկնդրի վզին, այդ թոկը գոնե օճառել է պետք, օճառել այնքան, որ վերջնականապես չցամաքեցնի, չխեղդի էականն ու իրականը զգացող այդ ոչ միշտ ձեռնտու շնչափողը, իսկ վերջում՝ ինքնըստինքյան թուլանա, բացվի, ընկնի: