Tuesday, December 25, 2012

Յոհան. «Հինգերորդ Ավետարանիչը»

Կիրակնօրյա առավոտյան ժամերգությունից սենյակներ եկած տաք ու անտեղ խնկաբույրը, որ պատուհանը փակելու իմաստն անտրամաբանական դարձնող պատուհանափեղկերի լայն անցքերից ներս կգա, կայուն ու միալար սրտխառնոց կառաջացնի ու կարթնացնի շատերին: Նրանք կատեն իրենց մտքում բացառապես գերեզմանների հիշողություն արթնացնող այրվող խնկախեժի այդ հոտը, իսկ հատվածված ու անհավատ այս քաղաքի միակ եկեղեցին էլ հակառակի պես իրենց խեղճուկրակ կացարաններին մոտ կլինի մշտապես: Միջնադարյան եկեղեցաշեն ճարտարապետության միջակ, երևի սիրողական ինչ-որ փողակեր «հավատացյալի» խնամակալությամբ էր կառուցված, այդպես էր համենայն դեպս նրանց թվում: Ներքին դիզայնից տեղյակ էին, մտքներով  անցել էր մտնել, ճշտել՝ ներսն է՞լ էր նույն այդ սիրողական խնամակալի մտքի թռիչքը: Այս անգամ չկան աստվածաշնչյան անկարգ ու միմյանց չշարունակող թեմաներով գոռելիեֆներն ու բառելիեֆները եկեղեցու արտաքին պատերին, որ դեռ եկեղեցի չմտած արդեն կանխորոշում են տրամադրությունդ: Եթե հանգիստ, հնազանդ, բայց մտածող հավատացյալ ես, ներսում (ներսդ էլ) տաք կլինի դրանց այնուամենայնիվ ճնշող ներկայությունից: Եթե այդպիսին չես, նույն այդ գոռելիեֆների ու բառելիեֆների առկայությունը քեզ հիշել կտա Ումբերտո Էկոյին` իր «Վարդի անունը» գրքով, որ 14-րդ դարի միստիկ սպանության ու ամբողջ գոթական ճարտարապետությունը սատանայական շնորհք ունեցող ճարտարապետների գործերով ներկայացված ինքնատիպ շարադրանք է՝ չլսած, չտեսածդ մարդակերպ կերպարներով ու ճաղատ սատանաներով: Իսկ այս դեպքում չկային մարդուն ինչքան ստորացնող, այդքան էլ փառաբանող  այդ քանդակները եկեղեցու արտաքին պատերին, չկային ուղղակի:


Ձուլածո, բնության մոտիվներով ճաղապատ պատուհաններն էլ, որ առավել կհեգնեն անհավատների կարծիքները հավատացյալների կամավոր «բանտարկվելու» վերաբերյալ,  դեպի վեր սահող հայացքդ կկանգնեցնեն նեղ ու սրասայր գմբեթներին` սլացիկ, ուղղված ճիշտ այնտեղ, որտեղից իջել են, հակապատկեր սովորաբար կլորավուն կազմվածքով կաթոլիկ բյուրգերներին: Լյութերական այս շինությունները, որ այդքան սովորական են եվրոպաբնակների աչքին և որոնց շատ հաճախ կարելի է հանդիպել Ավստրիայի հյուսիսում, տնամերձ եկեղեցիներ են, որոնց գմբեթներին հարմարեցրած խաչերից միայն  իմ պեսների մտքով կանցնի, որ այնտեղ երբեմն են աղոթում: Ու այս մեծ աչքի համար դասավորված նատյուրմորդն ամբողջանում է միայն եվրոպական, պեդանտության հասնող համաչափությամբ հնձած արտերով, որոնց իդեալական շրջան ունեցող մակերեսով հունձը, հսկա գլաններ սարքած, կանոնավոր ցաքուցրիվ է եղած արտերով մեկ՝ ամռան ավստրիական խոնավ օդին մի կերպ չորանալու: Համեստ են ու Աստված փառաբանող ճարտարապետական պերճանքներից զուրկ բողոքականների լյութերական եկեղեցիները՝ ճգնավորի հացի պես: Այնտեղ  Բախ է հնչում:


Թալինի Սուրբ Հոգու միջնադարյան լյութերական եկեղեցին